Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ապրիլի 24-ի առավոտյան երկուսուկես ժամով փակ կլինի մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ի երեկոյան և ապրիլի 24-ի առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Կիևյան փողոցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ջահերով երթն այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։