Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն. ԱԺ–ն ընդունեց նախագծերը

Արխիվային լուսանկար
Ոստիկանները և փրկարարներն ատեստավորման միջոցով կկարողանան հավելավճար ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն աշխատավարձի բարձրացման համար։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փրկարար ծառայության մասին» (կողմ 61, դեմ 0, ձեռնպահ 23) և «Ոստիկանությունում ծառայության մասին» (կողմ 62, դեմ 0, ձեռնպահ 23) օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը։
Նշենք, որ 3 տարում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման պրոցեսին։ Ատեստացիան հաջող անցնելու դեպքում ոստիկանության ծառայողները կստանան ավելի բարձր հավելավճար։
Ինչ վերաբերում է փրկարարներին, ապա ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, կազատվեն պաշտոնից։