ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Այս մասինտեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Նշվում է, որ նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել` ասելով, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։
«Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։ Առանց առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր որոշումից»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու։