ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հատկապես Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Պաշտոնյան հիշեցրել է Բլինկենի փետրվարյան հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և ավելացրել, որ ԱՄՆ-ն շարունակում է զբաղվել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացով։
Ավելի վաղ Հայաստան և Ադրբեջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Հարավային Կովկասում բանակցությունների գծով պետքարտուղարի ավագ օգնական Լուիս Բոնոն: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Երևանում և Բաքվում Բոնոյի հետ բանակցություններից հետո կարելի է արտգործնախարարների ևս մեկ հանդիպում ակնկալել: Պատելն ի պատասխան հայտարարել է, որ իրադարձություններից առաջ չի ընկնի։ Սակայն նա վստահ է, որ շուտով ասելու բան կլինի։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը կարող է կայանալ մայիսին: Մինչդեռ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնություն են տվել Մոսկվայում նախարարների եռակողմ բանակցությունների անցկացմանը: Ժամկետները դեռ ճշգրտվում են։