Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ. Nvidia-ի տնօրեն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին
Ջենսեն Հուանգը նշել է, որ իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Հուանգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Հուանգը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին
Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն, և գործադիրը շարունակելու է պայմաններ ստեղծել ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:
Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր «Nvidia»-ի հետ հնարավոր համագործակցությունը։
2022 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։