Երևան–Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մահացածներ ու տուժածներ կան

ՃՏՊ–ի հետևանքով 1 մարդ տեղում է մահացել, մյուսը` բուժկենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևան–Սևան ճանապարհին «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 10։58-ին։
Shamshyan.com–ը գրում է, որ պատահարի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 2-ը` վնասվածքներ ստացել։
«1 հոգի տեղում մահացել է։ Դին, որը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս` մոտ 100 մ հեռավորության վրա, դուրս է բերվել ճոպանի միջոցով։ Երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Տեղում իրականացվող աշխատանքների ընթացքում ԲԿ–ից ահազանգ են ստացել, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,– ասված է կայքում։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։