Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը
Վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները: Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման:
«Շրջափակման 131 օրվա ընթացքում առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ:
Գերատեսչությունից նշում են, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։