ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում Գառնիից Գեղարդ տանող ճանապարհի հատվածում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարի նախատեսում է աշխատանքներ իրականացնել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«ՏԿԵ նախարարությունը նախատեսում է Ջրվեժից Գառնի ուղղությամբ ճանապարհի տարբեր հատվածներ բարեկարգել, մի մասը կանենք այս տարի։ Պատրաստվում ենք նաև Գառնիից Գեղարդ տանող ճանապարհին աշխատանքներ իրականացնել։ Սա ավելի առաջնային փուլում է։ Աճարկուտում ճանապարհը բավականին անբարեկարգ վիճակում է, մենք որոշակի ուսումնասիրություն ենք արել, բայց որքանով հիշում եմ` նախագիծը դեռ չենք պատվիրել։ Խոստանում եմ`առաջիկայում ուշադրություն կդարձվի այդ հատվածին, նախագիծը կպատվիրվի և նախարարության միջոցներով կիրականացնենք բարեկարգումը»,– ասաց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով` Հայաստան–Իրան ճանապարհը (Հյուսիս–հարավը) Սիսիան–Քաջարան և Քաջարան–Ագարակ հատվածը կառուցելու մասով 3 լոտ կա։ Սիսիան–Քաջարան հատվածը 60 կմ է, կա 1 առանձին թունել, որը կոչվում է Քաջարանի թունել և 3-րդն էլ Քաջարան–Ագարակն է` 32 կմ։ Սանոսյանն ընդգծեց, որ Սիսիան–Քաջարան հատվածի մրցույթը շուտ էին հայտարարել, բայց դեռևս այդ փուլում են գտնվում։
Նա շեշտեց, որ 60 կմ–ը նոր ճանապարհ է` բարդ հատված, որտեղ 27 կամուրջ, 17 թունել է կառուցվելու (թունելներից մեկն էլ 8.6 կմ է)։ Սանոսյանը վստահեցրեց` տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ չի արվել։
ՏԿԵ նախարարը նշեց` ենթադրվում է, որ 1 ամսից կավարտվի ճանապարհի Հյուսիս–հարավի մաս կազմող 32 կմ–ի մրցույթը, արդեն մասնակիցներ կան, կարծես հաղթող ընկերությունը նշմարվում է։
Նախարարությունն այժմ փաստաթղթերի ստուգման փուլում է։