Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն անթույլատրելի է. Փաշինյանը` Բոնոյին

Նիկոլ Փաշինյանն ու Լուիս Բոնոն բազմաթիվ հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդունելով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ
Հիշեցնենք` Լուիս Բոնոն տարածաշրջանում է ապրիլի 14–ից։ Նա հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ապրիլի 17–ին եղել Բաքվում ու հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։