ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողներն իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, ինչի արդյունքում կալանավորված անձանց մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ինչպես նաև խաղաքարտեր, ականջակալներ, դեղահաբ, USB լար և այլն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Տարբեր խցերում խուզարկությունների արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ 3 ներարկիչ, որոնցից 2-ը լցված է եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։