ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը նպատակահարմար չեն համարում և ձեռնպահ են մնում մինչև նախաքննության ավարտը հանդիպել Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Փաստաբանին այդ տեղեկությունը հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի որոշումը պայմանավորված է այս պահի դրությամբ այլ տեղեկատվության բացակայության հիմքով, նաև նկատի ունենալով, որ ներկայումս ընթանում է նախաքաննություն։
«Մարզպետի կողմից հայտնած տեղեկատվության բովանդակությունից կարելի է հանգել հետևության, որ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարն այս փուլում հերթական անգամ մերժել են հանդիպել զոհված զինծառայողների ծնողների հետ»,-գրել է Նորիկյանը։
Նշենք, որ ապրիլի 18-ին զոհված 15 զինծառայողի հարազատները ապրիլի 18–ին փակել էին Երևան–Սևան ճանապարհը և պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք սկզբում մտադիր չէին բացել ճանապարհը, սակայն մի քանի ժամ անց, երբ Կարեն Սարգսյանը խոստացավ կատարել նրանց պահանջը (հանդիպում կազմակերպել), վերջիններս բացեցին այն։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։