ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, որի հետ քննարկել է տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նրանք խոսել են սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: Նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն:
Հիշեցնենք, որ Էրիկա Օլսոնը Հայաստանում է երկօրյա այցով։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։