ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ալիևը ապրիլի 18-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պահանջել է, որ Հայաստանը հստակ հայտարարի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», և ասել է, որ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր։ Ինչպես նաև շարունակել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին գործ է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։ Ես կրկին հիշեցնում եմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ: Այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ»,- գրել է Մարուքյանը:
Նա ընդգծել է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ներքին խնդիր չեն համարվել ավելի քան 70 տարի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, քանի որ միջազգային հանրությունը դասեր է քաղել ավերիչ համաշխարհային պատերազմից, և որ որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնել:
«Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտում է սպառնում»,- նշել է նա։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը միջազգային հանրությանը հորդորել է շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։