ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում` ինչպես ունենալ երեխային, բայց պետք է հասկանալ, որ դա ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ»,– հայտարարեց Ավանեսյանը։
ՀՀ առողջապահության նախարարը խոսեց նաև կրծքով կերակրման խրախուսման կարևորության մասին ու նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում դրա համար։
«Տարիներ առաջ արշավային բավական լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, այնուհետև միջոցները սպառվեցին, ու այն դադարեց»,– հայտարարեց նա։
Անահիտ Ավանեսյանը հավելեց, սակայն, որ վերջին երեք ամիսների ընթացքում ԱՆ–ն սկսել է նոր ծրագիր կազմել թիրախային, վարքագծային փոփոխություն բերելու համար։
«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը երեխայի առողջության պաշար է, և որևէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»,– ասաց նա։
Առողջապահության նախարարությունը նաև ուսումնասիրություններ է արել և պարզել, որ օրենսդրական բացեր` խրախուսման, գովազդի առումով չկան, բայց դրանց գործնական կիրառումը թերի է։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ այդ հարցը կլուծվի։