Բացառում եմ. Խաչատրյանը` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին այս փուլում փոխանակելու մասին

Արմեն Խաչատրյանը նշեց, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արարքը որակվելու է, նրանք դատվելու են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Բացառվում է, որ ՀՀ սահմանը հատած երկու ադրբեջանցիներին այս պահին Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակելու բանակցություններ սկսվեն։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նշենք, որ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։
«Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական գործընթացներ գնան: Պետք է հիշել` մենք էլ Ադրբեջանում գերիներ ունենք. ինչ պրոցեսներ կընթանան՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է` քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, հանցագործը դատվելու է: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»,–ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց` քանի դեռ նախաքննություն է ընթանում, բացառում է 2 ադրբեջանցիներին հայ գերիների հետ փոխանակման գործընթացի շուրջ բանակցությունների հավանականությունը։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։