Ավելի լավ արդյունք էի ակնկալում. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանը ներկայացնող մարզիկը նախքան առաջնությունը լուրջ վնասվածք է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Ռաֆիկ Հարությունյանը լուրջ վնասվածքներով էր ունեցել նախքան առաջնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը՝ Հարությունյանը։
«Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, որովհետև լուրջ վնասվածքներ ունեի, երկու մրցույթ բաց էի թողել ու չգիտեի՝ ինչքանով կստացվեր այս առաջնությունը։ Իհարկե չէի սպասում, որ այսպես կլիներ, ավելի լավ արդյունք էի ակնկալում, մտածում էի՝ կհաղթեմ, բայց ինչպես տեսնում եք չստացվեց, որի համար շատ եմ զղջում»,-ասաց բրոնզե մեդալակիրը։
Մարզիկի խոսքով՝ իրեն ոգևորել է հանդիսատեսը։
«Շատ բարձր ադրենալին էր, չէի սպասում նման աջակցություն»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում երկամարտի 337կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն երկամարտի 343կգ արդյունքով դարձավ իտալացի Օսկար Ռեյեսը։