Ալիևն ընդունել է ագրեսիայի փաստը և խաղաղության հասնելու ջանքերի տորպեդահարումը. ՀՀ ԱԳՆ

Բաքուն չի թաքցնում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու մտադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։

«Իլհամ Ալիևն իր հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմա Աթայիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ»,–նշել է ԱԳՆ–ն։

Ավելին, ըստ գերատեսչության, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։
«Ադրբեջանի նախագահը, որի ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Ալիևը ապրիլի 18-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պահանջել է, որ Հայաստանը հստակ հայտարարի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», և ասել է, որ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր։
Ալմա Աթայի հռչակագրի վերապահումներն այն ստորագրելու պահին չեն ներկայացվել. Փաշինյան