ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. 2022թ.–ին քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թիվը 2019 թ.–ի համեմատ նվազել է։ Այսօր Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Պաշտոնական տվյալների համաձայն` 2019-ին մահացությունների թիվը կազմել է 5485, իսկ 2022–ին` 5161։
Ավանեսյանի խոսքով` վերջին տարիներին ավելանում են թե՛ սքրինինգային ծրագրերը, թե՛ վիրահատական ծառայությունները, քանի որ պետությունը ամբողջ ծախսը վերցրել է իր վրա։
«Նախկինում քաղաքացիները սքրինինգների չէին դիմում, որովհետև մտածում էին, որ եթե անգամ ինչ–որ բան հայտնաբերվի, չեն կարողանալու հետագա բուժման գնալ ֆինանսի պատճառով։ Եվ երբ պետությունն իր վրա վերցրեց նաև վիրահատական միջոցառումները, դիմելիությունը աճեց»,– նշեց նախարարը։
Ըստ Ավանեսյանի` սա ցույց է տալիս, որ պետական միջոցները, որոնք ուղղվել են քաղցկեղի դեմ պայքարին, թիրախային են եղել և հասել են իրենց նպատակին։