Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Ծնողները բացատրություններ են պահանջում երկրի վարչապետից ու պաշտպանության նախարարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը` տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
«Այսօր գնացել ենք Ազատ գյուղ, որտեղ զոհված 15 զինծառայողի ծնողների և քննիչի մասնակցությամբ կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել։ Վերադարձի ճանապարհին ծնողները որոշեցին, որ պետք է փակեն այս ճանապարհը երկկողմանի»,–տեսանյութում հայտնում է Նորիկյանը։
Նրա խոսքով` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։