Գարեգին Բ-ն ու նախարարն ընդհանուր հայտարարի չեն եկել. ԶԼՄ

Կաթողիկոսն ընդունել էր ԿԳՄՍ նախարարին ու փոխնախարարին
Նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում, գրում է «Փաստ» օրաթերթը։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։
Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ քննարկումները բավական երկարատև են եղել, սակայն որևէ էական արդյունք չեն տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունը հաստատակամ է, այսպես կոչված, հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությանը, այսինքն, այսպես կոչված, ինտեգրմանը, ինչը նշանակում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի հանրակրթությունից»: