Ոչ մի տեղ չենք գնալու. Գեղարքունիքի մարզպետը չկարողացավ ծնողներին համոզել բացել ճանապարհը

Կարեն Սարգսյանի հետ հանդիպմանը զոհվածների ծնողները վստահեցրին` օրինական ճանապարհով փորձել են ստանալ իրենց հարցերի պատասխանները, սակայն ապարդյուն, այդ պատճառով էլ փակել են Երևան–Սևան մայրուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնք երկկողմանի փակել են Երևան–Սևան մայրուղին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար։
«Դիմել ենք վարչապետին, դիմել ենք պաշտպանության նախարարին։ Մենք ուզում ենք իմանալ, թե կանիստրը որ սենյակում ա ընկել, ինչ ձևով ա ընկել։ Բժշկի եզրակացությամբ մեր էրեխեքն այրվածքային շոկ են ստացել ու շմոլ գազից թունավորվել են»,–Սարգսյանի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։
Մարզպետի հարցին, թե ինչ նպատակով են իրենք փակել ճանապարհը, նրանք ընդգծեցին` պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հենց այդտեղ։ Ծնողները վստահեցրին` օրինական ճանապարհով փորձել են ստանալ իրենց հարցերի պատասխանները, սակայն ապարդյուն, այդ պատճառով էլ դիմել են այս քայլին։

«ԱԻՆ–ը, դատախազությունն անփույթ են աշխատել։ Նրանք պետք է նկարեին դեպքի վայրը, բայց չեն նկարել։ Հիմա էլ ասում են, թե տղաները պառկած են եղել, կեսն էլ ասում ա` նստած են եղել, մյուս կեսն էլ ասում ա` անկյունում կուչ են եկել։ Պաշտոնյաներից մեկը` գնդապետ մարդ, հայտարարություն ա անում, մի քանի օրից դատախազությունը հերքում ա, տենց ո՞նց կլինի»,– ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

Կարեն Սարգսյանը վստահեցրեց` բոլոր այն պաշտոնյաները, որոնք անպատասխանատու հայտարարություններ են արել, կստանան իրենց արժանի գնահատականը։ Նա ընդգծեց, որ ճանապարհ փակելով որևէ հարցի լուծում չի լինի, որևէ գործընթացի վրա ազդեցություն չեն թողնի։ Մարզպետն առաջարկեց բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին գնալ իր աշխատասենյակ ու այնտեղ քննարկել հարցերը, որպեսզի հետո կառավարությունում լսեն իրենց բողոքի ձայնը։
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը Կարեն Սարգսյանից պահանջեց հանդիպում կազմակերպել Փաշինյանի և Պապիկյանի հետ։ Մարզպետի բազմաթիվ հորդորներին, որ ճանապարհը բացեն, քանի որ ինքը կփոխանցի ծնողների պահանջը, վերջիններս չենթարկվեցին։
«Մենք էսօր ստեղ ենք, մինչև լույս մնալու ենք։ Ոչ մի տեղ չենք գնալու»,– ասացին ծնողները։
Նրանք նաև հայտարարեցին, որ ապրիլի 21-ին փակելու են Երևանի Հանրապետության հրապարակը, իսկ պահանջը մնալու է նույնը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։