Ռուսաստանն ու Չինաստանը պետք է միմյանց վճռական աջակցություն ցուցաբերեն ռազմական համագործակցության հարցերում։ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այս հայտարարությունն է արել չինացի գործընկերոջ` գեներալ-գնդապետ Լի Շանֆուի հետ բանակցությունների ժամանակ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Մոսկվայում կայացած հանդիպման սկզբում Շոյգուն շնորհավորել է Լի Շանֆուին Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում:
«Համոզված եմ, որ ՌԴ-ի հետ փոխգործակցության ձեր մեծ փորձը կնպաստի ինչպես ՉԺՀ ԶՈւ-ի զարգացմանը, այնպես էլ մեր երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը: Ակնկալում եմ առավել սերտ և արդյունավետ համագործակցություն ձեզ հետ՝ մեր երկրների, ժողովուրդների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի միջև անխախտ բարեկամության ոգով»,-ասել է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում այն փաստը, որ նախարարի պաշտոնում է նշանակվելուց հետ Լի Շանֆուն որպես արտասահմանյան ուղևորության առաջին երկիր ընտրել է Ռուսաստանը, ինչպես դա արել էր նաև ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, որը վերընտրվելուց հետո մարտին պետական այցով ժամանել էր ՌԴ:
Նշենք, որ Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն Մոսկվա է մեկնել Շոյգուի հրավերով: Ավելի վաղ ՉԺՀ պաշտպանության նախարարին ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Լի Շանֆուի այցը կտևի մինչև ապրիլի 19-ը: