Արտակ Գալստյանը 2 ամսով կկալանավորվի

Դատարան
Դատարանը բավարարել է խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը 2 ամսով կկալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,–ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների` Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 2 անձ ձերբակալվել է։ Նրանք կասկածվում են գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։ Ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գալստյանն ու Ղուկասյանը (հայտնի է Դոգ մականունով. խմբ.) միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից (ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` Տիգրան Արզաքանցյանից) առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։