ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն կարևոր է համարում Չինաստանի հետ կապի ուղիների պահպանումը, հարաբերություններում առաջընթաց է ակնկալում՝ պայմանով, որ Պեկինը «կհստակեցնի իր մտադրությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ճապոնիայի Կարուիձվա հանգստավայրում G7-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքները։
«Մենք կարծում ենք, որ կապի գծեր ունենալը, հարաբերությունները աշխուժացնող հարցերի լայն շրջանակին մասնակցելու հնարավորություն ունենալը կարևոր է, բայց նաև կարծում ենք, որ աշխարհի երկրները մեզանից ակնկալում են, որ մենք պատասխանատու կերպով կկառավարենք հարաբերությունները Չինաստանի հետ, և դա սկսվում է փոխգործակցությունից։ Իմ ակնկալիքներն այնպիսին են, որ մենք կարող ենք դրան ընդառաջ շարժվել, բայց դա Չինաստանից պահանջում է, որ նա հստակեցնի իր մտադրությունները: Եվ եթե նրանք դա անեն, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք փոխգործակցության ուղիներ գտնել, ինչպես պայմանավորվել են նախագահները Բալիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասել է Բլինկենը։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները նկատելիորեն սառել են անցյալ տարվա օգոստոսի սկզբին Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի ֆոնին, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Լարվածությունն է՛լ ավելի էր սրել ԱՄՆ-ի երկնքում չինական աերոստատի հայտնվելու հետ կապված միջադեպը, որը հետագայում խոցվեց։