«Զվարթնոցում» շուքով դիմավորեցին Թուրքիայից մեդալներով վերադարձած մարմնամարզիկներին

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը շատ ուրախ են, որ Թուրքիայում կարողացել են այնպիսի ելույթ ունենալ, որ Հայաստանի դրոշը բարձրանա, հնչի հիմնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Զվարթոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են Թուրքիայից ոսկե և արծաթե մեդալներով վերադարձող մարմնամարզիկներ Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին և Հայաստանի թիմին։
Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ
Նշենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում էր Եվրոպայի առաջնությունը, որտեղ Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե, նժույգ թափերի` բրոնզե մեդալակիր, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ ստացավ։
«Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Հենացատկում դժվար պայքար էր: Անգլիացի Ջեյք Ջարմանն իր ցատկը 4 տասնորդական ավելի բարձր կատարեց: Ինձ ոսկե մեդալ շնորհեց երկրորդ ցատկս, որը շատ հստակ էր: Իմ և անգլիացի մրցակցիս միավորների տարբերությունը չնչին էր, բայց ուրախ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցի: Դժվար էր, բայց հաջողությամբ արեցի այն, ինչ անում էի մարզումներին։ Ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել Թուրքիայում և հիմնը հնչեցնել»,– լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` մի փոքր լարվածություն կար այն առումով, որ Թուրքիայում էին, չնայած, որ լավ են ընդունել և ոչ մի խնդիր չի եղել։ Մարմնամարզիկը նշեց, որ ուրախ է նաև նժույգ թափեր վարժությունը կատարելուց հետո բրոնզե մեդալ նվաճելու համար։
Արթուր Դավթյան
«Ես կարողացա իմ վարժությունը լավ կատարել և մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ: Եզրափակիչում վարժության մեջ որոշակի փոփոխություն արեցինք և մաքրության հաշվին բրոնզե մեդալ նվաճեցի։ Ցավոք, տղաները չկարողացան հաղթահարել որակավորման փուլը և դուրս գալ եզրափակիչ»,– ընդգծեց Արթուր Դավթյանը։
ԵԱ. Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում
Վահագն Դավթյանն էլ շնորհակալություն է հայտնել իրենց մարզիչներին կատարած մեծ աշխատանքի համար և շեշտել, որ իրենց նվաճած մեդալները մեծ թիմի աշխատանքի արդյունք է։
Վահագն Դավթյան
Վահագնը ասում է` օղակներ վարժությունում բարդ եզրափակիչ է ստացվել, քանի որ Եվրոպայի 8 ուժեղագույնն էին պայքարում և մրցումային լարվածություն կար:
«2016 թվականից հետո միշտ մեդալին շատ մոտ եմ եղել, մի տարի 4-րդ, ապա 5-րդ տեղ: Գնահատականներս մեդալներին շատ մոտ են եղել, բայց չնչին միավորներ չէին բավականացնում: Այս անգամ ստացվեց, և շատ ուրախ եմ: Յուրաքանչյուր մեդալ նոր մոտիվացիա է: Ինչպես յուրաքանչյուր մրցման, այստեղ էլ շատ լավ պատրաստվել էինք, աշխատել: Բավականություն է պատճառում այն աշխատանքը, որ վերջնական արդյունքը լինում է գոհացուցիչ առաջին հերթին մարզիչների համար: Մեր թիմն ուժեղ է: Հուսամ՝ մենք շատ ավելի մեծ բարձունքների ենք հասնելու»,– ասաց նա:
Մարզիկը վստահեցրեց` իրենց նաև ոգևորել է այն հանգամանքը, որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունից առաջ երիտասարդներն էին Թուրքիայում շատ լավ մասնակցել:
ԵԱ. Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել է 3 մեդալով` 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե: