ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրգործով դատախազ Արմեն Գևորգյանը քիչ առաջ կարդաց մեղադրական ճառը։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Մանուկյանը ներկա է նիստին։
Ստեփանյանն ասաց` Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է շարունակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին։
«Այսպիսով, դատաքննությամբ ապացուցվեց Մանուկյանին առաջադրված մեղադրանքը։ Պահանջում եմ Մանուկյանին մեղավոր ճանաչել 301-րդ հոդվածով, դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 500-ապակի չաձով` 500 000 դրամ»,–ասաց Ստեփանյանը։
Մեղադրող դատախազը հավելեց` Մանուկյանը հանդիսացել է ՀՀ 3-րդ վարչապետը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զբաղեցրել է պետական նախարարի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնները, իսկ հետագայում ԱԺ պատգամավոր է եղել, Հանրային խորհրդի նախագահ։ Սրանք պատիժը մեղմացնող հանգամանքներ են։
«Պահանջում եմ Մանուկյանի դեմ ընտրված խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատարանի որոշումը մտնի ուժի մեջ»,–ասաց դատախազը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։
Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը (կամ «պլան Բ»-ն) իշխանության արագ զավթումն էր։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։