ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դեռ դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ապրիլի 14-ին 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ է բացել հանքավայրի ուղղությամբ: Դրա հաջորդ օրը` ապրիլի 15-ին, կրակոցները վերսկսվել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։
«Թե՛ երեկ, թե՛ այսօր, երբ հերթափոխը փորձել է աշխատանքի անցնել, կրակոցներ են եղել։ Անվտանգության նկառատումներից ելնելով` ընկերության աշխատանքները դադարեցված են»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: