Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հայկական կողմը կորուստներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ոսկու հանքի աշխատանքը, կրկին կրակոցների պատճառով, ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: