Թուրք ծանրորդուհին ուշագնաց է եղել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ

Թուրք ծանրորդուհին ուշագնաց է եղել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ
Առաջին օգնություն ցույց տալուց հետո բժիշկները մարզիկին պատգարակով հեռացրել են բեմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհի Բայավ Պելինսուն ծանրաձողը բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը։ Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Կադրերում երևում է, ինչպես մարզուհին չի կարողանում ծանրաձողը բարձրացնել մինչև վերջ, գցում է և ինքն էլ ուշագնաց ընկնում։
Բժիշկները նրան առաջին օգնություն ցույց տալուց հետո հեռացնում են բեմից։
Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։
Միջադեպից հետո Նիկոլյանին բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ են: