ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) պատկանող ինքնաթիռը ոչնչացվել է Սուդանի բանակի և հատուկ նշանակության ուժերի միջև Խարթումի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած մարտերի ընթացքում: Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Հաղորդումներից մեկում հեռուստաալիքի լրագրողները ինքնաթիռի այրված ֆյուզելյաժի բեկորների կադրեր են ցուցադրել օդանավակայանից։ Ընդ որում, հեռուստաալիքը տեղեկատություն չի տրամադրել այն մասին, թե ում գործողություններն են հանգեցրել օդանավի ոչնչացմանը: Բացի այդ, պաշտոնապես չի հաստատվել, որ ոչնչացված ինքնաթիռն իրականում պատկանել է ՄԱԿ-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վաղ առավոտյան Խարթումի օդանավակայանում վթարի է ենթարկվել Saudia ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը, որը Սաուդյան Արաբիայի ազգային փոխադրողն է: Ավիաընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռը պատրաստվում էր Խարթումից թռչել Էր Ռիադ։ Թե ինչ վնասվածքներ է ստացել օդանավը և ինչն է դարձել կործանման պատճառը, ավիաընկերությունը չի հստակեցնում:
Հաղորդվում է միայն, որ դեպի Սուդան և Սուդանից բոլոր թռիչքները դադարեցվել են:
Սուդանում ապրիլի 15-ին հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Հատուկջոկատայինները բանակային ջոկատների վրա գրոհել են Խարթում քաղաքի մի քանի շրջաններում։ Միջադեպը կանոնավոր բանակին ստիպել է պատասխան հարված հասցնել։ Որոշ ժամանակ անց արագ արձագանքման ուժերը գրավել են Խարթումի օդանավակայանը և Մերովեն, օդային երթևեկությունը դադարեցվել է: Վերցրել են նաև ռուսական արտադրության մի քանի կործանիչ։