ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները երկու երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են բանակցությունների և այցերի շարունակման հնարավորության մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Ապրիլի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։ Կողմերը հայտարարել են բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր իրականացնելու հնարավորության մասին»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բազմիցս ճգնաժամեր են ապրել, հասել են իրենց ամենացածր կետին: Օրերս երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նոտաներ փոխանակեցին` միմյանց մեղադրելով ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Վերջին երկու ամսում Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ավելի քան 50 մարդ է ձերբակալվել: