Սիմոնյանն Ադրբեջանի հետ համագործակցության վերաբերյալ մտահոգություն է հայտնել Աշիմբաևին

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևին
Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանն ու Մաուլեն Աշիմբաևը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստին, ինչի շրջանակում էլ կայացել է հանդիպումը։
Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանում և ԼՂ-ում 44-օրյա պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը։ Նա Աշիմբաևին ասել է, որ ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաև խոշոր տրամաչափի զենքից հրահրել և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է` ՀՀ ԶՈւ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
«Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում և ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանը նույնպես անմասն չի մնա այդ հարցում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2022-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Բաքու կատարած այցի շրջանակում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին և Թուրքեստանը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ համաձայնագիր էին ստորագրել։ Իսկ դրանից առաջ` 2021-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն էին այցելել Շուշի։