ՔՊ-ական 4 պատգամավոր սպառնացել են ինձ. Թովմասյանը` հանձնաժողովում տեղի ունեցածի մասին

Թագուհի Թովմասյանը Sputnik Արմենիայում
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Վլադիմիր Վարդանյանը Թագուհի Թովմասյանին առաջարկել է կողմ քվեարկել ՄԻՊ իշխանական թեկնածուի օգտին, որպեսզի իր հետագա ճակատագիրն ավելի վառ լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անթաքույց, ուղիղ եթերի ժամանակ սպառնացել են անկախ պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց անձամբ Թովմասյանը` անդրադառնալով ապրիլի 4-ին հանձնաժողովի նիստում տեղի ունեցած միջադեպին։
Նշենք, որ այդ օրը նիստի ժամանակ հանձնաժողովի անդամները պետք է լսեին ՄԻՊ թեկնածուներ Էդգար Ղազարյանի (առաջադրել էր ընդդիմությունը– խմբ.) և Անահիտ Մանասյանի (առաջադրել էր իշխանությունը– խմբ.) ելույթները և հարցեր ուղղեին նրանց, ապա այդ թեկնածուների ընտրության քննարկում պետք է լիներ։
«Դա պատմական խայտառակ նիստ էր, նման բան դեռ չէր եղել։ Քննարկումներ չեղան, հարցուպատասխան` նույնպես։ Տեղի ունեցավ գոռգոռոց, հնչեցին վիրավորանքներ, և ընդդիմության միասնական թեկնածուն չօգտվեց լսված լինելու իր իրավունքից։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ վերջինս հայտարարեց այդ օրը կայանալիք հանրահավաքի մասին ու ընդգծեց, որ հանրահավաքի կազմակերպիչները պահանջում են հանցավոր ռեժիմի հեռացում։ Հենց այդ բառերից հետո սկսեցին բղավել, վիրավորել, ես էլ չէի կարողանում լռեցնել նրանց։ Իշխանական պատգամավորներն ուզում էին «Մհեր Սահակյան-2» ստանալ, որ ասեն, թե ընդդիմությունը շարունակ բռնություն է գործադրում, այդպիսով արդարացնեին իրենց պահվածքը»,– ասաց Թովմասյանը։
Պատգամավորը մանրամասնեց, որ նիստի ընթացքում, երբ պետք է ելույթ ունենար Էդգար Ղազարյանը, ՔՊ-ականները ստիպում էին իրեն այդ գոռգոռոցների պահին թեկնածության հարցը դնել քվեարկության, որպեսզի մերժեն, ու Ղազարյանը հեռանա դահլիճից։
«Մի այլ դեպք էլ է եղել այդ օրը։ Դեռ նիստն ամբողջությամբ իր հունի մեջ չէր մտել իշխանական խմբակցության 4 պատգամավոր միանգամից հայտարարեցին իրենց պատրաստակամության և իրենց նպատակների մասին։ Առաջինը Հովիկ Աղազարյանն էր, որը նիստը դեռ չսկսված հայտարարեց, որ եթե նիստը չվարեմ այնպես, ինչպես հարկն է, կբարձրացնեն իմ պաշտոնանկության հարցը։ «Ինչպես հարկն է» արտահայտությունն էլ նշանակում է ՔՊ-ի սրտով։ Սա նշանակում է, որ խմբակցության ներսում քննարկում է եղել, որի ընթացքում դերերը հստակ բաշխվել են` թե ով ինչպես ինձ պետք է հունից հանի կամ դրդի, որպեսզի սխալներ թույլ տամ»,–ասաց Թովմասյանը։
Աղազարյանից հետո արդեն նիստի ընթացքում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, նման միտք մի քանի անգամ հնչեցրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ռուստամ Բաքոյանը։
«Վլադիմիր Վարդանյանն ինձ առաջարկեց կողմ քվեարկել իշխանական թեկնածուի օգտին, որպեսզի իմ հետագա ճակատագիրը ավելի վառ լինի, ու ես մերժեցի։ Ռուստամ Բաքոյանն էլ հիշեցրեց, որ նախկինում ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահին ՔՊ-ն հեռացրել է այդ պաշտոնից, որովհետև վերջինս անվանարկել է ժողովրդին։ (Էդգար Ղազարյանը 2018 թվականի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական-խմբ):
Նկատի ունեին, այնպես անեմ, որպեսզի Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի ժողովրդից, ինչը, իսկապես, ես արեցի։ Մի քանի անգամ նրան առաջարկեցի ներողություն խնդրել քաղաքացիներից ու չվիրավորել»,–ասաց Թովմասյանը։
Նա նկատեց, որ հնարավոր է քաղաքական իշխանությունը ցանկանում է ազատվել իրենից, քանի որ պարբերաբար զեկույցներ է ուղարկում միջազգային մի շարք կառույցների` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցներում Թովմասյանն այնպիսի կետեր է ներառում, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում ՔՊ–ականների տեսակետներին, այդ պատճառով էլ ինքը «սև ցուցակում է հայտնվում։ Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` կարող են հանգիստ սկսել իր պաշտոնանկության գործընթացը, միևնույնն է չեն հաջողելու, քանի որ փաստեր չկան։
Նշենք, որ ապրիլի 4–ին կայացած Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել է բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց ՔՊ–ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
«ՔՊ–ականները խուլիգանական վարքագիծ են դրսևորել». Էդգար Ղազարյանը հաղորդում է ներկայացրել