Մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահը

Վանիկ Զաքարյան
Վանիկ Զաքարյանը շախմատային «Օսկարի» դափնեկիր է, իր ունեցած մեծ ներդրման համար նաև մի շարք պետական պարգևների է արժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. 87 տարեկանում կյանքից հեռացել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը։ Ֆեյսբուքյան էջում լուրը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936 թվականին Մեղրիում։ Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։1979 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1996 թ. –ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է։ Ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է։
Վանիկ Զաքարյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, երկու անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն (1961 և 1976թթ.)։
Աշխարհը շախմատի նոր չեմպիոն կունենա. Կարլսենը հրաժարվել է խաղալ, Կարպովն էլ ապշած է
10 տարի՝ 1994-2004 թվականներին, ղեկավարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եղել է Շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի (1996թ.) և աշխարհի 5-րդ թիմային առաջնության (2001թ.) գլխավոր կազմակերպիչներից մեկը։
1996-2004թթ. եղել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ, 2004թ.–ից ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահն էր և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահը։
Վանիկ Զաքարյանը շախմատային «Օսկարի» դափնեկիր է, նրա անունը նշված է ՖԻԴԵ–ի «Ոսկե գրքում»։ Հայաստանում շախմատի զարգացման գործում ունեցած ներդրման համար մի շարք պետական պարգևների է արժանացել, պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։