ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա»,–ասել է Օսմանին։
Նա, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը, նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան, նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:
ՀՀ նախագահն էլ ասել է, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը:
Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
Հավելենք, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Օսմանին իր թվիթերյան էջում ամփոփել է տարածաշրջան կատարած այցը` գրելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի մեծ փոխգործակցության`առկա և նոր նախաձեռնությունների հիման վրա: Նրա խոսքով` ակնկալում են բոլոր շահագրգիռ կողմերի լիակատար աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերում:
Հիշեցնենք, որ Օսմանին այսօր հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։