Փաշինյանը ԵԱՀԿ նախագահի հետ զրույցում կարևորել է Ադրբեջանի քայլերին համարժեք արձագանքը

Նիկոլ Փաշինյանն ու Բույար Օսմանին քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ զրույցում կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք, հետևողական արձագանքը: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից` հավելելով, որ Փաշինյանն այսօր ընդունել է Օսմանիի գլխավորած պատվիրակությանը։
«Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է` ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Վարչապետը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Օսմանին իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է` նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը:
Հիշեցնենք, որ այսօր Օսմանին հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Իսկ ավելի վաղ ԵԱՀԿ նախագահն այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։