ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը տարբերվելու է նման կարգի նախորդ առաջնություններից. բացման արարողության ժամանակ սպասվում են բազմաթիվ ու գեղեցիկ անակնկալներ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց մրցումների կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վաստակելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մենք պետք է ինչ-որ նորամուծություն առաջարկեինք, որպեսզի կարողանայինք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնեինք։ Հիմա վստահ կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք մրցումների մեկնարկին ու անցկացմանը»,– նշեց Արայիկ Հարությունյանը։
Եվրոպայի ծանրամարտի առաջնության կազմկոմիտեի ասուլիսը
© Sputnik / Aram Nersesyan
Նա վստահեցրեց, որ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը լինելու է լավագույնը եվրոպական առաջնությունների մեջ։ Քանի որ այսպիսով մենք Հայաստանը որպես երկիր ներկայացնում ենք ամբողջ Եվրոպային, նաև հնարավորություն ենք ստանում բոլորին ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը։
Ասուլիսին ներկա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը ևս հաստատեցին, որ կազմկոմիտեն փայլուն է կազմակերպել մրցաշարը, և կասկածից վեր է, որ Եվրոպայի առաջնությունը Երևանում տարբերվելու է այս կարգի նախորդ առաջնություններից։
«Ես հիացած եմ կատարված աշխատանքից ու, մարդկանց հետ շփելով, կարող եմ ասել, որ հայերը ոսկի սիրտ ունեն։ Վստահ եմ, որ նման կարգի ծանրամարտի մրցաշար Եվրոպայում երբևիցե չի անցկացվել, ու համոզված եմ, որ ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունն էլ կարող է անցկացվել Հայաստանում», – ասեց Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդը։
Կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը ինչ ազդեցություն կունենա մրցումների վրա, ասաց` երբ Հայաստանում, անկախ ոլորտից, ինչ-որ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, դրանից առաջ սահմանին միջադեպեր են գրանցվում։
«Այդպես եղավ նաև Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ։Մեր հարևան երկիրը միշտ էլ փորձում է ինչ-որ կերպ խանգարել Հայաստանի առաջընթացին։ Իսկ մենք լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս ադրբեջանցի մարզիկներին Հայաստան ժամանելու համար», – նշեց Հարությունյանը։
Ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդը
© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Փարիզ–2024-ի համար։ Իսկ Երևանի համար այն կրկնակի կարևոր է, քանի որ Հայաստանը հայտ է ներկայացրել ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքական թիմերը տղամարդկանց ու կանանց մրցումներին ներկայացված են լինելու տասական մարզիկ–մարզուհիներով։ Տղամարդիկ կմրցեն 7 քաշային կարգերում, իսկ Հայաստանի հավաքականի կանայք մեդալների համար կպայքարեն վեց քաշային կարգերում։
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ապրիլի 14–23-ը։