ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է` Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին տեղի ունեցածի բոլոր մեղավորները կպատժվեն։ Այս մասին Ասրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նշենք, որ այս պահին ԱԺ–ում ընթանում է Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի փակ նիստ, որին մասնակցում է նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Լրագրողներն Ասրյանից հետաքրքրվեցին, թե ինչ է արվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության ուղղությամբ։
Ի՞նչ էր ասել վարչապետը Տեղում տեղի ունեցածի մասին
Ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։
«Եթե վարչապետը նշել է թերությունների մասին, ապա կնշանակվի քննություն, թերացողները կերևան»,– պատասխանեց Ասրյանը։
Հարցին, թե ինչ հանձնարարականներ է տվել Փաշինյանը, ԳՇ պետը շեշտեց` պետության ռազմական անվտանգությունն ապահովելու հանձնարարական։
Նկատառմանը, թե ինչու չեն կատարվում այդ հանձնարարականները, Ասրյանն արձագանքեց.
«Ի՞նչ գիտեք, որ չեն կատարվում»։
Հիշեցնենք` ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։