«Բա էդ ո՞ւմ բերած զենքերն են հանձնել Ադրբեջանին». Սարգսյանը պատասխանում է Փաշինյանին

Սերժ Սարգսյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը գլխատել է բանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորականներին է մեղադրում պարտության մեջ, բայց ինքն է գլխատել բանակը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե բարձրաստիճան որոշ զինվորականներ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամայել են զորքին թողնել դիրքերը, ինչպես նաև հայտարարել էր, թե Սարգսյանի ղեկավարման ժամանակ Ռուսաստանը խստորեն սահմանափակվել է զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը։
«Եթե բոլորը մեղավոր են` զինվորականները, հրամանատարները, ՀՀ տղամարդիկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ էր զբաղվում 44-օրյա պատերազմի ժամանակ, իր փեշակն ի՞նչ էր»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` երբ Տավուշում 2020-ի հուլիսին միջադեպ էր եղել, Փաշինյանը դա համարում էր մարտական մարտեր և կուրծք ծեծում, որ գերագույն գլխավոր հրամանատար էր` հանկարծ չշփոթեք։
«Չենք շփոթում. գլխավոր հրամանատարը նրա համար է, որպեսզի հարցազրույցնե՞ր տա։ Փաշինյանն ասել էր նաև, թե միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին։ Բա էդ ո՞ւմ բերածներն են` նրա՞նք են 2 տարվա ընթացքում միլիարդների զենք բերել։ Փաշինյանը դրանով ասաց` մինչև 2018-ը հայկական բանակն իր սպառազինությունների հիմնական մասը ցույց էր տալիս հանրությանը, իսկ նա այդ ամենը հանձնեց Ադրբեջանին։ Ադրբեջանի ղեկավարն էլ ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից։ Ասում է` «վայ հրամանատարներ», բա ո՞ւր էիր, մինչ այդ փոխեիր հրամանատարներին»,–ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Փաշինյանի ղեկավարած տարիները` Սարգսյանը պատասխանեց. «Աղետաբեր։ Նա թող գնա իր գործով զբաղվի` ընդդիմադիր թերթ վերցնի և սրա-նրա մասին բանսարկություններ գրի, ուրիշ բանի պիտանի չէ»։
«Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է». Սերժ Սարգսյանը` Փաշինյանի նշած գաղտնի նամակի մասին