ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերած գյուղացիները նրա գրպանում գտել են հեռախոս, որը, ինչպես նրանք են պնդում, պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված աշխատակցին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը։
Նշենք, որ ապրիլի 12–ինընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել էր 56 ամյա աշխատակցի դին։ Սպանությունը կատարվել է Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող պահակակետում։ Սպանվածը Սյունիքի մարզի բնակիչ Հայրապետ Մելիքսեթյանն է։
«Մտածեցինք`գրպաններում կարա նռնակ լինի, ստուգեցինք լրիվ` փամփուշտներ կար, դիմակ, պտուտակահան ու մեկ էլ` հեռախոս։ Իմ հետի մյուս տղեն ճանաչում էր սպանվածին, տեսավ ու ասեց, որ իրա հեռախոսն ա»,– պատմեց Գոռ Օհանջանյանը։
Նշենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր ադրբեջանցի զինծառայողի տեսաուղերձը։ Նա սոցցացում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին։
«Հայերի արյուն ենք թափել։ Հայերի գլուխ ենք կտրել։ Դեռ լավ ենք, չենք մեռել, տա աստված` չմեռնենք: Եթե մեռնենք, մեզ գնահատեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, մեզ դավաճան չկարգեք։ Հայրենիքի համար․․․»,– ասել է նա։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։
Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: