ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտ ՀՀ ԶՈւ զինծառայողների սպանության և վիրավորվելու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին։ Այնուհետև ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈւ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների նշված հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈւ 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, (սպանությունը՝ կապված անձի պետական, մասնագիտական, ծառայողական պարտքի կատարման հետ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով), ինչպես նաև 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (սպանություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Տեղի ունեցածի կապակցությամբ ստեղծվել է քննչական խումբ։