Պատվի հարց է. ինչպես գյումրեցի եղբայրները սկսեցին եկեղեցական զանգեր ձուլել

Արհեստների քաղաք Գյումրիում ապրող Պապոյան եղբայրները զբաղվում են եկեղեցու զանգերի ձուլմամբ։ Հայաստանի և Արցախի բազմաթիվ եկեղեցիներում, ինչպես նաև արտերկրում, հենց նրանց ձուլած զանգերն են հավատացյալներին կանչում պատարագի։ Sputnik Արմենիան զրուցել է եղբայրներից մեկի հետ։
Sputnik
Գյումրեցու պատվախնդրությունն ու արհեստների հանդեպ սերը ստիպեցին Հովհաննես Պապոյանին ու իր երկու եղբայրներին՝ Կարապետին ու Վահագնին, եկեղեցական զանգեր պատրաստել: Զանգակագործ վարպետներն աշխատանքի մեկնարկն ու ավարտն ազդարարում են աղոթքով:
Պապոյանների արհեստանոցում
Գյումրեցի եղբայրները զանգերը պարտրաստում են պղնձի և անագի համաձուլվածքով։ Մինչ ձուլվածքը պատրաստ կլինի, զանգի կաղապարն է պատրաստվում, պարաֆինից ստացած զարդանախշերն են տեղադրվում: Մեկ զանգի ձուլման ամբողջ պրոցեսը ամենաքիչը 7 օր է տևում: Զանգի չափերն ու պատրաստման ճշգրտությունը որոշիչ են հնչողության համար:
«Ձայնը հիմնականում շուրթի հաստությունից է կախված: Նույն չափի զանգի մեջ կարող է մինչև 13-14 նոտա աշխատել: Նույնիսկ կես նոտայի տարբերության հնարավորություն կա»,-նշում է Հովհաննես Պապոյանը:
Պապոյանների արհեստանոցում
Զանգեր պատրաստելու գործը սկսել է Հովհաննեսի հայրը՝ քանդակագործ Արտուշ Պապոյանը մոտ երեսուն տարի առաջ։ Հետո այն շարունակել են նրա որդիները: Հովհաննեսն առաջին զանգն ինքնուրույն պատրաստել է 2006 թվականին:
Հովհաննես Պապոյանն արհեստանոցում
Սկզբում հեշտ չի եղել՝ գործն աշխատատար ու ծախսատար էր, բազմաթիվ փորձարկումներ պահանջվեցին, մինչև վարպետները ստացան իրենց ուզածն ու սկսեցին աշխատել արդեն կատարելագործման ուղղությամբ: Եղբայրները զանգեր են պատրաստում հայկական զարդանախշերով ու եկեղեցիների հարթաքանդակներով:
Պապոյանների արհեստանոցում
Պապոյանների պատրաստած հարյուրավոր զանգեր արդեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև հանրապետության սահամաններից դուրս՝ Արգենտինայում, Ամերիկայում գտնվող հայկական եկեղեցիերն են զարդարում:
Արցախի շատ եկեղեցիների զանգեր, այդ թվում` Դադիվանքի և Շուշիի Կանաչ ժամի զանգերը, նույնպես ձուլվել են Գյումրիում:
Դադիվանքի զանգը
«Արցախում 50–60 զանգ եմ տեղադրել: Հիմա ցավով եմ հիշում, բայց ոչ թե զանգերը, այլ այն եկեղեցիները, որոնք չկան՝ եկեղեցիներն էին հին, զանգերն իմ պատրաստածն էին: Տա՛ աստված, որ մի օր ամեն ինչ վերադարձնենք, ու ես բոլոր եկեղեցիներում նորից անվճար զանգեր կկախեմ»,-ասում է Հովհաննես Պապոյանը` ընդգծելով, որ իր պատրաստած հարյուրավոր զանգերի մեջ առանձնանում են Դադիվանքի զանգերը, որոնք տեղադրվել են 2015 թվականի ապրիլի 24-ին:
Հովհաննես Պապոյան
Վարպետն ասում է` լինելով քրիստոնյա առաջին ազգն ու հազարավոր եկեղեցիներ ունենալով, Հայաստանում մինչև վերջերս զանգեր չեն պատրաստվել՝ դրանք հիմնականում բերվել են Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
«Նպատակ ունեմ նաև բուրվառի արտադրություն իրականացնել, որ դա էլ Իսրայելից, Վրաստանից, կամ այլ երկրից չբերենք՝ պատվախնդրության հարց է: Մենք վաղուց պետք է և՛ զանգ, և՛ բուրվառ, և՛ եկեղեցական այլ իրեր արտադրեինք»,-ասում է Հովհաննեսը:
Պապոյան եղբայրներն աշխատանքի ժամանակ
Նա նշում է, որ յուրաքանչյուր զանգ իր տարիքն ու կյանքի տևողությունն ունի: Ասում է՝ զանգը շնչող օրգանիզմ է, այն անդադար աշխատանք է պահանջում:
«Զանգը ծերանում է: Ոչ մի այլ առարկա նման հատկություն չունի: Ինչքան զանգը հին է, այնքան ձայնը նստած է: Տարիների ընթացքում փոխվում է մոլեկուլյար կազմվածքը»,-նշում է Հովհաննեսը:
Վերջին զանգը, որ պատրաստել են եղբայրները, Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում է տեղադրվել և կշռում է 250 կգ:
Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը
«Մինչ այս մինչև 250 կիլոգրամանոց զանգեր ենք պատրաստել, բայց հնարավորություն ունենք մինչև 450 կիլոգրամանոց զանգ պատրաստելու»,-ասում է վարպետ զանգակագործը:
Հիմա եղբայրներն աշխատում են Մարմարաշենի եկեղեցու զանգերի վրա: Պատրաստած յուրաքանչյուր զանգի մեջ նրանք թողնում են իրենց հետքը՝ դրոշմելով իրենց ազգանունը:
Վահագն Պապոյանն արհեստանոցում
36 ամյա Հովհաննեսն այսօր արդեն վստահ է՝ իր ու եղբայրների գործը շարունակող կունենան. երեքով ութ որդի ունեն, որոնց սիրելի վայրը ձուլարանն է:
1 / 4

Պապոյան եղբայրներն արհեստանոցի մուտքի մոտ

2 / 4

Հովհաննես Պապոյանն արհեստանոցում

3 / 4

Վահագն Պապոյանն աշխատում է հերթական դետալի վրա

4 / 4

Հովհաննես Պապոյանն արհեստանոցում