ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է ադրբեջանցիների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտություն առաջանալ։ ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե նոր ձևավորված բնագծերում բանակցություն կոչվածն ինչպե՞ս է կանոնակարգվում, ո՞վ է լիազորություն տալիս որևէ մեկին բանակցելու ադրբեջանցիների հետ և հայկական կողմին մոտեցող ադրբեջանցիների վրա կրակ չբացելու համար։
«Եթե տեղի են ունենում բանակցություններ որևէ տեղում, որպես կանոն, դա տեղի է ունենում հրամանատարների միջոցով` ներքին պայմանավորվածությունների հիման վրա։ Փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունն անգամ բանակցության ձև է։ Տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտումներից հետո»,–ասաց Սարգսյանը։
Իսկ թե ո՞վ է որոշում սահմանագիծը, ապա Սարգսյանը հիշեցրեց, որ կա համապատասխան հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստեղծված, որոնք էլ սահմանազատման հարցերով են զբաղվում և համապարփակ լուծումներ են տալու։ Սակայն տեղային վեճերը, որոնք ծագում են քարտեզների և այլ պնդումների միջոցով, լուծվում են հենց տեղում` բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների միջոցով։ Փոխնախարարի խոսքով` տեղում իրավիճակ է լինում, որ հրամանատարն արձագանքում է և չի թողնում, որ փոքր խնդիրը վերածվի մեծ բախման։
«Երեկվա դեպքը բանակցությունների կամ բանակցությունների բացակայության պատճառով չի տեղի ունեցել, այլ ադրբեջանցիների կողմից կոնկրետ սադրանք է եղել»,–հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։