Հայաստանի և Թուրքիայի միջև «հալոցքը» կօգնի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ձեռնպահ կմնա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև զրույցի մանրամասները բացահայտելուց, քանի որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս շարունակվում է:
Թուրքիայում ՀՀ դեսպանատուն բացելու հարց օրակարգում չկա. Չավուշօղլու
Ռուսաստանը, Զախարովայի խոսքով, աջակցում է Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերսկսմանը, որը մեկնարկել էր Մոսկվայի մասնակցությամբ, 2022 թվականի հունվարին։
«Մենք համոզված ենք, որ այդպիսի «հալոցքը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրադրության առողջացմանը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման գործում»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է, որ գործընթացը թափ է հավաքում, և Մոսկվան պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի տեխնիկական հագեցվածության ուղղությամբ՝ այս տարվա ամռանն այն գործարկելու նպատակով:
Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից (Անկարայի նախաձեռնությամբ): Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի կողմից ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին սուր արձագանքի հետ: