ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Ֆրանսիայի արտգործնախարարությունը Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել։
«Սա հիշեցնում է, որ սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմում զբաղեցրած դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը կարևոր նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածրջանում տևական խաղաղության հիմքը պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում։
Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ-ի՝ սահմանի հայկական կողմում տեղակայված առաքելության գործողություններին, որում իր ներդրումն ունի։ Նշվում է, որ առաքելությունն առաջնային դեր ունի լարվածության նվազեցմանը նպաստելու գործում։ Ֆրանսիան Եվրոպական միության հետ շարունակելու է հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու բանակցությունների շարունակման ուղղությամբ աշխատանքը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։