«Ասում են` հիմա հրաժարական տվեք». Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց «5-րդ շարասյան» մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը վրդովվեց, որ ընդդիմադիր որոշ օղակներ պահանջում են իշխանության հրաժարականը, այն էլ այն դեպքում, երբ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում է տեղի ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Արցախյան 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը Լեռնային Ղարաբաղը չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե կան անձինք, որոնք պնդում են, որ Եռաբլուրի տարածքում փորվող փոսերը ծառերի համար չեն, այլ նոր զոհերի։
«Հարձակում է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի վրա, բայց մարդիկ կան, որ ասում են, թե իշխանությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Գոնե ասեն, թող այս դեպքերն անցնեն, հետո։ Բայց չէ, ասում են` հիմա հրաժարական տվեք։ Սա 5-րդ շարասյան գործելակերպ է։ Մեր հատուկ ծառայությունները պետք է այս ամենին ուշադրություն դարձնեն։ Այնպես չէ, որ գործակալներին բացահայտելիս անմիջապես հրապարակում են, որովհետև հազար ու մի զուգահեռ պրոցեսներ կան, սակայն նրանք պետք է օպերատիվ հսկողության ներքո լինեն, պետությունն էլ պետք է մեխանիզմներ գտնի նրանցից պաշտպանվելու համար»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դա պետական անվտանգության խնդիր է, և պետք է մտածել, թե ինչպես է հնարավոր այն լուծել` առանց ժողովրդավարությանը վնասելու։
Հիշեցնենք` Փաշինյանն «5-րդ շարասյան» մասին խոսել էր նաև մարտի 14-ին։ Նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:
Գուցե այլ երկրի գործակալներ են. Փաշինյանը` բարձրաստիճան որոշ զինվորականների մասին