ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ, սահմանի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերում, շուրջ 1400 հայկական բեռնատար սպասում է երթևեկությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ պարզ է դարձել, որ խափանվել է մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքը։
«Ապրիլի 10-ին խափանվել է ռուսական մաքսային ծառայության էլեկտրոնային համակարգը։ Այդ պատճառով անհնարին է դարձել էլեկտրոնային համակարգում բեռների ձևակերպումը»,– ասաց կցորդը:
Նրա խոսքով` այս պահին վրացական կողմում ՀՀ սահմանից դուրս է եկել և դեռևս սահմանը չի հատել մոտ 700 հայկական բեռնատար, մոտ նույն քանակությամբ սպասող բեռնատար էլ կա հակառակ կողմում: Տարանցիկ պետհամարանիշերով ՌԴ մեկնող մոտ 500 մարդատար ավտոմեքենա ևս ՀՀ սահմանն անցել ու սպասում է ռուս–վրացական անցակետը հատելուն: