ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Թաիլանդի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար 4 ամսով փակել Կրադան հայտնի զբոսաշրջային կղզին, որի լողափերից մեկը ճանաչվել է «լավագույնն աշխարհում»։ Տեղեկությունը հայտնում է Asia News Network պորտալը։
Թագավորության իշխանությունները մտավախություն ունեն, որ զբոսաշրջիկների անսպասելի հոսքը կարող է վնասել կղզու էկոհամակարգը։
«Կրադան կղզու ազգային պարկի ղեկավար Հաթ Չաո Մայ Պրիտը հայտնել է լողափի փխրուն էկոհամակարգը պաշտպանելու մտադրության մասին։ Պրիտը հայտարարել է, որ Կրադան կղզին զբոսաշրջիկների համար տարվա մեջ փակ կլինի 4 ամիս` հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը, որպեսզի այն չարժանանա այն ճակատագրին, որին արժանացավ Փխի–Փխի կղզին», – գրում է պորտալը։
Փխի–Փխի կղզուն վնաս հասցվեց այն բանից հետո, երբ 2000 թվականին էկրան բարձրացավ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ» ֆիլմը։ Դրանից հետո կղզում զբոսաշրջիկների մեծ հոսք եղավ, այն դեպքում, երբ կղզին այցելուների մեծ թվի պատրաստ չէր։
Զբոսաշրջիկների մեծ հոսքը բացասաբար անդրադարձավ շրջակա միջավայրի վրա, լողափերից շատերն ավերվեցին։