Խոսրովի պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին գորշ արջ են «բռնել»

Կադրերում երևում է, թե ինչպես է արջը խաղում և քորում մեջքը:
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին գորշ արջ են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։
Կադրերում երևում է, թե ինչպես է արջը խաղում և մեջքը քորում: Զվարճալի տեսանյութը շատ է դուր եկել օգտատերերին, որոնք ակտիվորեն այն տարածում են։
Նշենք, որ հունվարին արգելոցի տեսախցիկները հերթական արջին էին ֆիքսել։ Չնայած ձմեռային սեզոնին, արջը բավականին ակտիվ էր։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։