ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներին համոզում են բացել ճանապարհը։ Տեղեկությունը Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ հայտել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս է` գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։
«Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն այս պահին փորձում են համոզել գերիների հարազատներին բացել ճանապարհը»,–նշում է մեր թղթակիցը։
Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում են, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին: